ԱՄՆ-ը մերժել է Իրանի հարստացված ուրանը Ռուսաստան փոխանցելու Ռուսաստանի առաջարկը, ընդ որում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է վերադառնալ այդ նախաձեռնության քննարկմանը՝ India Today-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Պուտինի առաջարկը, ինչին համաձայն էր Իրանը, բավականին լավ լուծում կարող էր լինել»,- հավելել է Պեսկովը։               
 

ՑԱՍԿՈՏ ՈՒ ԽԱՆԴԱՀԱՐ

ՑԱՍԿՈՏ ՈՒ ԽԱՆԴԱՀԱՐ
16.02.2025 | 20:22
Կասեմ -
յոթ սարի ետեւից եկար՝
ժառանգորդի ու վտարակի պես,
ուրուների խշշուն, ներբաց կղզյակից,
անհուշությունից, փթթող ասքից եկար:
Ճանաչելին էիր անճանաչների թափորների մեջ -
ճաքած սրտով եկար, կարմրած աչք-մտոք:
Ձեռքերդ՝ մրոտ, նայվածքդ՝ մոխրոտ, հուսակտուր,
խնկահոտով եկար, վառոդաշունչ:
Արյունլվիկ, մզված ու տաժանլլուկ թեկուզ՝
ներհուն եւ իմաստուն, բայց դե
ցասկո՛տ եկար ու խանդահար:
Վրեժի մեջ կորած ու սիրո մեջ վառված,
չար ու բարին սերտած՝
անխա՛ռն եւ կու՛ռ եկար:
Կասեմ –
ներկայի մեջ կալանավոր եղար:
Աններկա ես կանգնած օրավաճառների շուկայի մեջ:
Անժամանակյա լուսնկա եղար օտարված երկնում:
Աններդաշնակ ես՝ սոնետների խախտված պսակի պես,-
եւ դու մտմտում ես փախչել ու ետ գնալ
էն կղզյակը խշշուն, ուր հալածվեցիր քո խայտանքի համար,
տապակվեցիր ներքուստ ճգնակյացի հրով,
բայց եւ ազա՜տ եղար ու ինքնապարտ,
էնտե՛ղ հոգուդ մուժում յոթը արեւ գտար,
Աստծու՛ն ու քե՛զ գտար:
Մի հայրենի չափ ես, մի կարճ շարականի,
զինքդ տվել ես սակայն էպոսներին,
եւ էդ խենթությամբ ես անմեռնելի,
եւ էդ կարոտով ես երկրամարմին:-
Դու կդառնաս կրկին քո շրջանը է-ի՝
ցասկոտ ու խանդահար,-
արյունլվիկ, մզված ու տաժանլլուկ թեկուզ՝
վրեժներով, անկոր ու սերերով բեռնված կդառնաս ետ:
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Դիտվել է՝ 7344

Մեկնաբանություններ